Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Էն գլխից էր պետք մտածել

Էն գլխից էր պետք մտածել
23.03.2018 | 01:54

2018-ի հունվարի մեր կանխատեսումը, թե ոռոգման սեզոնին ջրի լուրջ խնդիր կունենան գյուղացիները, երեկ հաստատեց նաև վարչապետը: Կառավարության նիստում նա նշեց. «Ջրամբարների ներկայիս պաշարները կարող են որոշակի ռիսկեր առաջացնել ոռոգման տեսանկյունից»:
Այն, որ ջրամբարներում ջրի պակաս կլինի, նոյեմբերից մինչ օրս «աղաղակում» են եղանակային պայմանները, բայց միայն օրերս են ոլորտի պատասխանատուները գլխի ընկել այդ մասին: Հետաքրքրական է, որ ջրամբարներում ջրի պակասի խնդիրը նոր է միայն ներկայացվում գործադիրի ղեկավարին: Գուցե ընդհանրապես ջրային տնտեսության կոմիտեն մոռանար իր պարտականությունը, եթե օրերս կառավարությունում տեղի չունենար խորհրդակցություն: Հենց այդ խորհրդակցությունում է, որ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը «արթնացել» է և հարկ համարել մարտի վերջին ներկայացնել խնդիրը: Այսինքն, ձեռքի տակ ունենալով օդերևութաբանների կանխատեսումները յուրաքանչյուր ամսվա համար, կարելի է ջրամբարներում ջրի կուտակման ռազմավարական նշանակության հարցը մի կողմ դնել, մինչև վարչապետը հիշեցնի: Եվ ոչինչ, որ քրտինքով հողն ու ջուրը մշակողները իրենց աշխատանքի պտուղը չեն տեսնի ու կգան պաշարելու կառավարության շենքը:


Այո՛, չոր ձմեռը լուրջ խնդիրներ է առաջացրել ոռոգման հարցում, և այն մեղմելու, գյուղացուն մենակ չթողնելու մտայնությամբ վարչապետը երեկ հանձնարարեց ջրային տնտեսության պետական կոմիտեին մշակել և ֆինանսների նախարարությանը ներկայացնել շարժական պոմպային սարքավորումների, խորքային պոմպերի ձեռքբերման, չշահագործվող խորքային հորերի վերականգնման, ինչպես նաև նորերի կառուցման նախագծային աշխատանքների ֆինանսական հաշվարկները՝ հաշվի առնելով գյուղական տնտեսությունների պահանջարկը:
Ինչ խոսք, սա կարևոր հանձնարարական է և գործնականում կարող է որոշակիորեն թեթևացնել խնդիրը: Սակայն եթե ջրային տնտեսության պետական կոմիտեն դեռևս դեկտեմբերի վերջին ունենար վերը նշված հաշվարկները, այսօր պատկերն այլ կլիներ: Իսկ այժմ, մինչև 10-օրյա ժամկետում այդ հաշվարկներն արվեն, հորերը մաքրվեն կամ նորերը կառուցվեն, ոռոգման սեզոնը կարող է անցնել: Ստեղծված իրավիճակում ակնհայտ է, որ միակ ելքը Սևանա լճից ոռոգման նպատակով ավելի շատ ջուր բաց թողնելն է:

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 5515

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ